Մահացել է կորոնավիրուսի մասին առաջինը հայտնած չինացի բժիշկը

Նրա մահվան լուրն առաջացրել է չինացիների զայրույթը, պահանջում են երկրի կառավարությունից ներողություն խնդրել բժիշկ Լիի հարազատներից:
chinastan-koronavirus

Չինաստանում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է նաեւ վարակի մասին առաջինը հաղորդած 34-ամյա բժիշկ Լի Վեյնլիանը: Նրա մահվան լուրն առաջացրել է չինացիների զայրույթը, պահանջում են երկրի կառավարությունից ներողություն խնդրել բժիշկ Լիի հարազատներից:

Բանն այն է, որ երբ նա անցած տարվա դեկտեմբերի 30-ին զգուշացրել էր իր գործընկեր բժիշկներին վարակի մասին, ոստիկանությունը նրան մեղադրել էր սուտ տեղեկություններ տարածելու ու հասարակական կարգը խախտելու մեջ, Լիին եւ եւս 7 բժիշկների գրավոր պարտավորեցրել վարակի մասին տեղեկություններ չտարածել:

Բժիշկ Լիի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել էր հունվարի 30-ին: Չինացիները կառավարությունը մեղադրում են նաեւ նախնական շրջանում կորոնավիրուսը թաքցնելու փորձերի համար:

Նշենք, որ կորոնավիրուսի նոր տեսակի զոհերի թիվը երեկվանից 73-ով ավելացել է՝ հասնելով 636-ի: Վարակվածների թիվը գերազանցում է 31 հազարը: Կորոնավիրուսով վարակման դեպքեր արձանագրվել են աշխարհի 27 այլ երկրներում: Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում վստահեցրել է, որ անում են ամեն հնարավորը՝ վարակի հետագա տարածումը կանխելու համար: Ավելի վաղ, Պեկինը մեղադրել էր Վաշինգտոնին խուճապ տարածելու մեջ:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*