2016 թվականի սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 317 համայնքներում: Նշված համայնքներից 22-ում տեղի են ունենալու միայն համայնքի ղեկավարի ընտրություններ, 80 համայնքում` միայն ավագանու անդամի ընտրություններ, իսկ 215 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ: Այդ օրն իրենց քաղաքացիական պարտքը կկատարեն նաեւ Մեծամորցիները:
Այստեղ քաղաքը ղեկավարելու համար պայքարում է երեք թեկնածու, որոնց թվում է անկուսակցական Ավետիք Հարությունյանը:
Մեծամորի քաղաքապետ ընտրվելու դեպքում, Ավետիք Հարությունյանը խոստանում է առաջին հերթին բարեկարգ տեսքի բերել քաղաքի ճանապարհները: Մասնագետ պարտադիր չէ լինել, հասկանալու համար՝ վերջին անգամ այստեղ ասֆալտապատող մեքենայի ձայնը խորհրդային տարիներին է լսվել:
Ժամանակին ատոմակայանի շնորհիվ ծաղկող քաղաքի միակ խնդիրը քանդված ճանապարհները չեն: Այստեղ ջրի խնդիր էլ կա, վատ աղբահանության մասին էլ ամենուր նկատվող այս տեսարաններն են վկայում :
Հենց այս ու մի շարք այլ խնդիրների պատճառով էլ Ավետիք Հարությունյանը որոշեց ժամանակից շուտ հանել զինվորական համազգեստն ու Մեծամորի քաղաքապետի այս ընտրություններում առաջադրել թեկնածությունը: Դեռ 90-ականներին է կամավոր առաջնագիծ մեկնել, պատերազմի ավարտից հետո մարտական ընկերների ու իր որոշմամբ ծառայությունը շարունակել արդեն հայկական բանակում: Ասում է՝ ընտրապայքարի մեջ մտնելն ինքնանպատակ չէ, սահմանը պաշտպանելուց բացի, պետք է սահմանից այս կողմ ընկած բնակավայրերն էլ շենացնել:
«Առաջինը, որ պետք է անեմ, կվերականգնեմ մարդկանց հավատը, վստահություն չկա»,- ասում է Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում