ՀՀ ՊՆ վարչական համալիրում հունիսի 17-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որի ընթացքում ամփոփվել են 2018 թ. ձմեռային զորակոչի արդյունքներն ու քննարկվել 2019թ. ամառային զորակոչի կազմակերպման աշխատանքները:
Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, մարզպետներ, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, բժշկական և մարզային զորակոչային հանձնաժողովների անդամներ:
Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդգծել է զինված ուժերի համար կարևորագույն գործընթացներից մեկի՝ զորակոչի միջոցով համալրման կարևորությունը և փաստել, որ վերջին տարիներին, զորակոչին մասնակցող բոլոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ, զորակոչի գործընթացի իրականացումը դրվել է բարձր հիմքերի վրա։
Նիստի ընթացքում 2018թ. ձմեռային զորակոչի արդյունքներն առավել մանրամասն ներկայացրել է ՀՀ զինվորական կոմիսարի պաշտոնակատար, գնդապետ Ա. Ավթանդիլյանը: Զեկույցում ներկայացվել են զորակոչին վերաբերող վիճակագրական տվյալներ, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքները:
Նիստի մասնակիցները քննարկել են նաև «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի, զորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրվող տարկետման իրավունքի, նախորդ զորակոչի ընթացքում տեղ գտած իրավախախտումների, զորակոչիկների կցագրման և հաշվառման, բուժհետազոտության կազմակերպման, զորակոչից խուսափողների նկատմամբ վարչական տույժերի կիրառման հետ կապված, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր։