1 տարեկան Արգիշտին զոհված հորը նկարներում է հանդիպում

Փոքրիկը դեռ լավ չի խոսում, փոխարենը տասնյակ նկարների մեջ արագ գտնում է հայրիկին ու անվերջ համբուրում...
Zinvor-Karen-Davtyan

Hetq.am-«Մամ, արի գնանք մեր տուն, որ պապան գա»,- ամեն առավոտ հենց այս խոսքերով է դիմում մայրիկին Ազնվաձորում՝ պապիկի տանը ժամանակավորապես բնակվող 3-ամյա Անին՝ ապրիլի 6-ին Քարվաճառում զոհված Կարեն Դավթյանի դուստրը: Եղբայրը՝ 1 տարեկան Արգիշտին դեռ լավ չի խոսում, փոխարենը տասնյակ նկարների մեջ արագ գտնում է հայրիկին ու անվերջ համբուրում:

«Ախպորս ընկերն էր, միասին էին ծառայում: Մի օր եկել էր մեր տուն ու հավանել, բայց մտածել էր, որ ես իրեն չեմ ընտրի: Ինձնից 10 տարով մեծ էր: Ասում էր՝ քեզ երեխու պես եմ պահելու: Ու էդպես էլ կար: Ասում էր՝ ես երեք երեխա ունեմ՝ մի տղա, երկու աղջիկ: Չկար մի բան, որ ես ուզեի, ինքը չաներ»,- չի կարողանում հուզմունքը զսպել Մարինեն:

Ամուսնական կյանքի երջանկության 4 տարիները վերապրող 25-ամյա Մարինեն հարցերի չի սպասում: Կուտակվածը, չասվածը ասելու անզուսպ ցանկությամբ նա պատմում է սիրելիի մասին՝ բաց չթողնելով նույնիսկ առօրեական մանրուքներն ու փոքրիկ դիպվածները:

«Որտեղ աշխատել է, շատ նվիրված է եղել իր գործին: Ծառայությունից ազատ օրերին հացի փռում էր աշխատում: Ես գիտեի, որ իրեն հարգում են, բայց իր մահից հետո ավելին իմացա իր մասին: Շատ ինքնամփոփ էր, շատ…,- բառերը չեն հերիքում ու Մարինեն չհերիքող բառերը տեղավորում է մի մտքի մեջ,-մի ուրիշ էր ինքը»:

Շարքային Կարենը պարզվում է՝ ծառայության 14 տարիների ընթացքում երազել է սերժանտ դառնալու մասին:

«Շատ էր ուզում սերժանտ դառնալ: Շատ էր մտածում այդ մասին: Անընդհատ սպասում էր,  որ ուր որ է կբարձրացնեն պաշտոնը, սերժանտ կտան: Այդպես էլ չտվեցին»,- ասում է կինը:

Ամեն անգամ ծառայության մեկնելիս Կարենն այնպիսի ոգևորությամբ էր գնում, որ ընտանիքի անդամները զարմանում էին:

«Այս անգամ էլ ոգևորված գնաց, ասեց՝ Մար ջան, էս անգամ էլ գնամ գամ, սաղ լավ ա էղնելու: Իրա սիրած բառն էր՝ սաղ լավ ա էղնելու, բայց սաղ վատ գնաց…»:

Դեպքի օրը հերթափոխող պայմանագրայինների խմբին Կարենն առաջարկել է վերադառնալ ավելի անվտանգ ճանապարհով: Ընկերները, սակայն, ընտրել են այլ ճանապարհ:

«Մի քանի անգամ փորձանքից պրծել էր: Այդ օրն էլ ասել էր՝ տղերք, ոնց որ ձյունը ճռճռում ա, եկեք մյուս ճամփով գնանք, բայց ընկերները չեն համաձայնվել: Ստիպված ինքն էլ է այդ ճանապարհով գնացել ու փորձանքն եկել ա,- ընկերների պատմածն է փոխանցում Մարինեն:

Շարունակությունը՝ այստեղ

*

*