Աշխատանքային այցով ԼՂՀ-ում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Սերժ Սարգսյանը ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության եւ արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից առավոտյան հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել եւ հարգանքի տուրք մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին:
ՀՀ Նախագահը Արցախյան ազատամարտում զոհվածների պանթեոնում ծաղիկներ է դրել ազատամարտի նահատակների եւ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմներին: Տոնական միջոցառումներն Արցախում շարունակվում են: