Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունն իրականացնելու է պաշտպանության նախարարությունում: Ծառայության պետ Դավիթ Սանասարյանը իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել է.
«Ի պաշտոնե հայտարարում եմ, որ վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները պետական վերահսկողական ծառայությունը իրականացնելու է ՊՆ-ում։ Մինչ այդ ԱԱԾ ու ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում: Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ, ով ուզում է լինեն»,- գրել է Սանասարյանը:
«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպես է մեկնաբանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել՝ նշելով, որ քննություն է ընթանում, պետք է սպասել: