Արմեն Սարգսյանը դասախոսությամբ է հանդես եկել Տոկայի համալսարանում

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, այլև...
armen-sargsyan,-tokayi-hamalsaran

Աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Տոկայի համալսարան: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել համալսարանի ղեկավարության հետ, այնուհետև հանդես է եկել դասախոսությամբ։

Համալսարանի նախագահ Կիյոշի Յամադան նշելով, որ մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին, ասել է. «Հավատացած եմ, որ սա կարևոր քայլ է առաջ՝ ընդլայնելու հարաբերությունները Հայաստանի և Տոկայի համալսարանի միջև: Մեր համալսարանի անունից Ձեր երկրին ամենայն հաջողություն եմ մաղթում»:

Նա անդրադարձել է ճապոնացի գրող, գրականության նոբելյան մրցանակակիր Կենձաբուրո Օէին՝ նշելով, որ երիտասարդ տարիքում հետաքրքրությամբ էր ընթերցում նրան, քանի որ նրա գրքերն ընթերցողին տեղափոխում էին ապագա: Ապագայի կյանքը, նախագահի խոսքով, շատ տարբեր է լինելու, քանի որ արհեստական բանականությունը, թվային տեխնոլոգիաներն ամբողջությամբ փոխելու են այն, փոխվելու են նաև արդյունաբերությունը, առողջապահությունը, մյուս ոլորտները:

Հայաստանի նախագահի խոսքով՝ նոր աշխարհը ստարտափների աշխարհ է: Երիտասարդները, որոնք ունեն գաղափար, լավ կրթություն, ջանասեր են, գիտեն, թե ինչ է տեղի ունենում աշխարհում, կարող են մտածել և կյանքի կոչել ստարտափներ, որոնք կարող են դառնալ հաջորդ Google-ը կամ Apple-ը:

Նախագահ Սարգսյանն ուսանողներին հրավիրել է Հայաստան՝ ոչ միայն տեսնելու հնագույն վանքերը, հիասքանչ բնությունը, վայելելու մարդկանց հյուրընկալությունն ու հիանալի ուտելիքը, այլև մասնակցելու «Seaside Startup» նախագծին:

*

*