Նախագահ Սարգսյանն Աբու Դաբիում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում

«Հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում...»
armen-sargsyan,

Աշխատանքային այցով Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ԱՄԷ-ի մայրաքաղաքում անցկացվող «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումի շրջանակում որպես գլխավոր բանախոս հանդես է եկել «Երիտասարդները հանուն կայունության» խորագրով համաժողովում:

«Ինձ համար սա ճանապարհորդություն է ժամանակի միջով, ճանապարհորդություն դեպի ապագա, քանի որ մի օր, գուցե այսօրվանից հիսուն տարի անց, ձեզնից մեկը կանգնած է լինելու այստեղ և պատմելու է մյուս սերնդին կյանքի իր փորձառության մասին, ներկայացնելու է իր մտորումներն ապագայի մասին։ Հուսով եմ, որ այդ օրը դուք կհիշեք ինձ և հիսուն տարի հետո ինձ ձեր ողջույնները կուղարկեք։ Դուք ապագան եք։ Կարծում եմ՝ ժամանակը մեր կյանքի մեծագույն արժեքներից մեկն է»: 

Նախագահի խոսքով՝ ամեն րոպե փոփոխվող աշխարհում կայունությունը ենթադրում է զարգացում։ «Այսօր կայունությունը նշանակում է ունենալ ավելի շատ հնարավորություններ։ Եվ պետք է օգտվել դրանից։ Այսօր այդ ամենը շատ ավելի հեշտ է։ Այսօր, եթե դու պայծառ միտք ունես, խելացի ես, սովորում ես արագ, հաճախում ես համալսարան, ակտիվ ես, ունես տեսլական, դու ունես մեծ հնարավորություններ, քանի որ հաջողության տարիքն ավելի ու ավելի է երիտասարդանում։ Իմ ուղերձը ձեզ մեկն է՝ ամենակարևոր արժեքը ձեր մարդկային արժեքներն են, ձեր բարոյականությունն ու ձեր մարդկությունը։ Չվախենաք ոչնչից»:

*

*