Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով շարունակվում Է տրանսպորտային կոլապսը

Գործադուլին մասնակցում Է շուրջ 500 մարդ, նրանցից 140-ը հացադուլ են հայտարարել
metro

Թբիլիսիում մետրոյի չաշխատելու պատճառով երկրորդ օրն է, ինչ շարունակվում է տրանսպորտային կոլապսը: Առավոտից, ինչպես հայտնում է «Ռուսթավի-2»-ը, լեփ-լեցուն են հասարակական տրանսպորտի կանգառները, իսկ քաղաքում չտեսնված խցանումներ են: Բոլորը, հատկապես նրանք, ովքեր ապրում են ծայրամասերում, գանգատվում են, որ աշխատավայր հաջողվում է հասնել առնվազն մեկժամյա ուշացումով: Քաղաքապետարանի որոշմամբ՝ ավտոբուսներն ուղեւորներին սպասարկում են անվճար, բայց դրանք բոլորն Էլ գերբեռնված են:

Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն որոշել է գործադուլավոր մեքենավարների հետ բանակցություններ անցկացնել այն բանից հետո, երբ դատապարտել էր նրանց գործողությունները եւ գործադուլը որակել բնակչությանը շանտաժի ենթարկելու փորձ:

Նախօրյակին առաջին հանդիպումը կայացել է Թբիլիսիի քաղաքապետարանում: Քանի որ կողմերը չեն կարողացել փոխհամաձայնության հասնել, Կալաձեն անձամբ է ուղեւորվել դեպո՝ գործադուլավոր մեքենավարների հետ հանդիպման, բայց այս անգամ էլ չի հաջողվել արդյունքի հասնել: Արհմիությունների տվյալներով՝ գործադուլին մասնակցում Է շուրջ 500 մարդ, նրանցից 140-ը հացադուլ են հայտարարել:

Մետրոպոլիտենի մեքենավարները պահանջում են աշխատավարձը բարձրացնել 45 տոկոսով: Քաղաքապետարանի տվյալներով՝ հրահանգիչ մեքենավարի ամսական աշխատավարձը գերազանցում Է 2,1 հազար լարին (ավելի քան 870 դոլար), իսկ մեքենավարինը՝ ավելի քան 1,8 հազար լարին (ավելի քան 737 դոլար):

Թբիլիսիի քաղաքագլուխը քանիցս ասել Է, որ «Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունը» ռեսուրսներ չունի մետրոպոլիտենի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնելու այն չափով, որ չափով դա պահանջում են գործադուլավորները:

*

*