Կարո Փայլանը դիմել է Սահմանադրական դատարան

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ Փայլանը կատարվածը որակել է որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում...
garo paylan

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսի նախագահի կողմից իր ելույթը խոչընդոտելու և երեք նիստից հեռացվելու հարցով դիմել է Սահմանադրական դատարան: Այս մասին տեղեկացնում է «Ակոս» պարբերականը:

Կարո Փայլանը հունվարի 13-ին սահմանադրական փոփոխությունների առաջարկի քննարկման ժամանակ «ցեղասպանություն» եզրույթը կիրառելու պատճառով իշխող «Արդարություն և զարգացում» և ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունների կողմից խիստ արձագանքի էր հանդիպել: Նրանից պահանջել էին հրաժարվել «ցեղասպանություն» բառից: Այն բանից հետո, ինչ Փայլանը հրաժարվել էր դա անել, նրան 3 նիստից հեռացնելու մասին որոշում էր կայացվել, իսկ նրա խոսքերը հանվել էին մեջլիսի արձանագրություններից:

Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումի մեջ Փայլանը կատարվածը որակել է որպես իր պատգամավորական անձեռնմխելիության խախտում և խոսքի ազատության սահմանափակում: Բացի Սահմանադրական դատարան դիմելուց հայ պատգամավորը դիմում է ներկայացրել Թուրքիայի Ազգային մեծ ժողովին` պահանջելով հետ կանգնել մեջլիսի կանոնակարգին հակասող որոշումից:

*

*