Անկախ նրանից, թե ով կլինի պետական ծառայողը, օրենքի առաջ պետք է հավասար լինեն բոլորը: Նման համոզմունք հայտնեց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը՝ արձագանքելով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող գործի շրջանակներում ՊՎԾ երկու աշխատակիցների կալանավորման մասին լրագրողների հարցերին:
«Սամվել Ադյանը և Գևորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի և լավագույն աշխատակիցներից են: Այդ մարդկանց մեղքը դեռ պետք է ապացուցվի: ԱԱԾ-ի իմ գործընկերներին կոչ եմ արել, որ նախաքննական փուլում պահեն գաղտնիությունը: «Մուտիլովկաներով» հայտնի մարդկանց ձեռքում չպետք է հայտնվեն նման ինֆորմացիաներ»,-ասաց Սանասարյանը:
Նրա խոսքով՝ ՊՎԾ-ն շարունակելու է ուսումնասիրել հեմոդիալիզի շուկան՝ «անկախ նրանից՝ ում շահն է այստեղ տրորվում, պետության շահը մենք պետք է պահենք»: «Վերջին օրերին հասցրել են նաև ինձ մահախոսական կարդալ, բայց գերեզմանոցում էլ լինեմ, կոռուպցիայի դեմ կռիվ եմ տալու»,-ասաց Սանասարյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ում քննվող գործի հետ իր անունը կապելու խոսակցություններին: