Երևանում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին. քննիչները դեպքի վայրում են

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները։

Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Նաիրա Հարությունյանը:

«ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ այս պահին դեպքի վայր են մեկնում ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Վ.Մեսրոպյանը:

Դեպքի վայրում աշխատում են ՀՀ ՔԿ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ քննչական բաժնի պետ Հ. Գևորգյանի գլխավորությամբ»,- նշեց Հարությունյանը:

Նա ազգային անվտանգության ծառայության տնօրենր նշանակվել 2016 թ. փետրվարի 12-ին, ազատվել՝ 2018 թ. մայիսի 10-ին։

Գեորգի Կուտոյանը ծնվել է 1981 թվականին:

2002-2010 թթ. – Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայում, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում զբաղվել է գիտամանկավարժական գործունեությամբ։

2005-2006 թթ. – ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող, այնուհետև՝ իրավական և կառուցվածքային բարեփոխումների բաժնի դատախազ։

2006-2007 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ավագ խորհրդական։

2008-2010 թթ. – ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր իրավախորհրդատու։

2010-2011 թթ. – զբաղվել է փաստաբանական գործունեությամբ։

2011 թ. ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական։

2011-2014 թթ. – Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին առընթեր հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ։

2011 թ. հուլիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ՝ երեք տարի ժամկետով։

2013 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ ազատվել է ՀՀ Նախագահի օգնականի պաշտոնից։

2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։

2016 թ. փետրվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

 

Ամուսնացած էր, ունի մեկ որդի:

*

*