Կոտայքում ուսանողների միկրոավտոբուսի վթարից 10 տուժածների կյանքին վտանգ չի սպառնում

Վթարի հետեւանքով մահացել է 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը, որը Վարսեր գյուղից էր։
vtar-kotayq

Կոտայքի մարզում հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով տուժած 10 անձանց կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին տեղեկացրեց «Հրազդան» բժշկական կենտրոնի տնօրեն Ռոբերտ Սահակյանը:

«Հրազդան բժշկական կենտրոն է տեղափոխվել 10 մարդ, նրանք եղել են թեթև վնասվածքով: Բոլորն անցել են անհրաժեշտ հետազոտությունը, նրանց կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ չկա: Հետազոտությունից և առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել: Միայն մեկ զինվոր հավելյալ ստուգման համար տեղափոխվել է Զինվորական հոսպիտալ, իսկ մեկ երիտասարդ` Երևան»,- ասաց Ռոբերտ Սահակյանը: Ավտովթարի հետևանքով մեկ հոգի` երիտասարդ աղջիկ տեղում մահացել է:

Երեւան-Սեւան ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում հոկտեմբերի 18-ին բախվել են «Օպել» մակնիշի եւ Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները: Ըստ մամուլի հրապարակումների, Mercedes-ն ուսանողների էր տեղափոխում Երևան եւ վթարի հետևանքով մահացած 18-ամյա Հռիփսիմե Գասպարյանը նույնպես ուսանող էր՝ Պետական լեզվահասարակագիտական համալսարանից:

Հռիփսիմեն Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղից էր: Նրա հետ է եղել նաև եղբայրը, որին տեղափոխել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:

*

*