«Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»,- խոստովանել է Առնո Բաբաջանյանը:
Այսօր լրանում է մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 99-ամյակը (հունվարի 22, 1921թ. — նոյեմբերի 11, 1983թ.)։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է 9 տարեկան հասակում։
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային ստեղծագործություններ, որոնք գրվել են դասական, ջազ, էստրադային ժանրերում։
Մեծ ժողովրդականություն են վայելում «Էլեգիա», «Հայկական ռապսոդիա» (համահեղինակ՝ Ալեքսանդր Հարությունյան), «Նոկտյուրն» երկերը: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Առաջին սիրո երգը» (1958թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976թ.), «Երջանկության մեխանիկան» (1982թ.) և այլն: