«Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել ՍԴ նախագահի ու անդամների պաշտոնավարումը

Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է:
sd

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ անդամների պաշտոնավարումը:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություն կատարելու մասին նախագիծը հրապարակված է խորհրդարանի պաշտոնական կայքում:

«Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է: Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը: Սույն փոփոխություններով հոդվածի 1-ին մասի հիման վրա առաջացած թափուր տեղերը համալրելու ընթացակարգը եւ ժամկետները սահմանվում են «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված հատուկ ընթացակարգով, որոնք պետք է ընդունվեն եւ ուժի մեջ մտնեն մինչեւ 2020 թվականի ապրիլի 1-ը»,- նշված է նախագծում:

Նախագծի հիմնավորման բաժնում նշվում է, որ ՍԴ ներսում եւ դրա շուրջ առկա ճգնաժամն այս պահին ունի մի քանի ասպեկտ, որոնք լրջագույն մարտահրավեր են Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության եւ իրավական որակների համար:

«ՍԴ ճգնաժամի առաջնային խնդիրը նախկինում նշանակված անդամների եւ 2015թ. փոփոխություններով Սահմանադրության 7-րդ գլխով ընտրվող դատավորների պաշտոնների ակնհայտ բովանդակային տարբերությունն է, որի մասին իրավական հանրությունում քննարկումները գնալով ավելի են թեժանում:

ՍԴ ներկայիս կազմի պահպանմամբ լրջագույն խնդիրների է բախվում նաեւ ՍԴ-ն ներդատարանական հավասարության իմաստով, քանի որ.

ՍԴ ներկայիս կազմի պահպանման դեպքում 2015թ.-ի Սահմանադրությամբ ընտրված դատավորների եւ մինչ այդ նշանակված անդամների պաշտոնավարման ժամկետների միջեւ էական տարբերություն կա: Մինչ նորընտիր դատավորները պաշտոնավարում են 12 տարով, նախկինում նշանակված անդամները, որոնք նշանակվել են 1995թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 2 անդամ) պաշտոնավարելու են մինչեւ 70 տարեկանը լրանալը, իսկ 2005թ.-ի Սահմանադրությամբ (ՍԴ 5 անդամ) նշանակվածները մինչեւ 65 տարեկանը լրանալը: Այլ խոսքով, ավելի պատկերավոր իրավիճակը ներկայացնելու համար, օրինակ ՍԴ մի անդամը կարող է պաշտոնավարել այս դատական կազմում 33 տարի (1996թ.-ից մինչեւ 2029թ.-ը), իսկ նորընտիր դատավորի համար այդ ժամկետը սահմանափակված է 12 տարով:

Սույն փոփոխության նպատակը ՀՀ Սահմանադրական դատարանի (այսուհետ ՍԴ) կազմի սահմանադրականության եւ դրա նկատմամբ հանրության եւ իշխանության ճյուղերի կողմից վստահության բացակայության ճգնաժամերի հանգուցալուծումը եւ 2015թ.-ի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության (այսուհետ Սահմանադրություն) 7-րդ գլխի կանոններով նախատեսված Սահմանադրական դատարանի ձեւավորումն է:

Հաջորդ խնդիրը ՍԴ դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտն է, որում ՍԴ-ն ունի ուղղակի պատասխանատվության իր բաժինը՝ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունքի եւ ժողովրդի կողմից իր իշխանությունն ընտրելու երաշխիքների շարունակական անտեսման պատճառով հօգուտ օրվա իշխանության: Սա կործանարար ազդեցություն է ունեցել քաղաքացիների եւ հանրային իշխանության մարմինների կողմից ՍԴ նկատմամբ ունեցած վստահությունը կորցնելու հարցում, ինչն անթույլատրելի վիճակ է սահմանադրական արդարադատության մարմնի համար: Իրողություն է, որ ՍԴ-ն այս պահին իր անդամների կազմով ամենացածր հեղինակություն վայելող հանրային իշխանության մարմիններից է եւ այդ հեղինակության վերականգնումն անհնար է նույն կազմի պահպանման դեպքում:

 7-րդ գումարման ՀՀ Ազգային ժողովը, որպես վերջին 20 տարիների ընթացքում ազատ ընտրության իրավունքի բոլոր երաշխիքների եւ Սահմանադրության 2-րդ հոդվածի անշեղորեն պահպանմամբ ձեւավորված ժողովրդավարական առաջնային մանդատով օժտված բարձրագույն մարմին, որն ունի Սահմանադրության փոփոխություն կատարելու լիազորություն, այսպիսով նպատակ ունի վերջնական եւ հիմնարար լուծում տալ ՍԴ-ի 2015թ.-ի Սահմանադրության 7-րդ գլխի կանոններով ձեւավորման խնդրին»,- նշված է հիմնավորման մեջ:

*

*