Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, սխալ է ընտրված. Վանեցյան

Նա նշել է, որ հանրապետության երկրորդ նախագահը երբեւիցե որեւէ քայլով ցույց չի տվել, թե խուսափում է քննությունից:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, սխալ է ընտրված: Նման կարծիք է հայտնել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ թերթերի մի քանի խմբագիրների հետ հանդիպմանը: Նա նշել է, որ հանրապետության երկրորդ նախագահը երբեւիցե որեւէ քայլով ցույց չի տվել, թե խուսափում է քննությունից: Արթուր Վանեցյանի կարծիքով՝ ճիշտ կլիներ՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերանայվեր: Դա նաեւ կթուլացներ լարվածությունը հասարակության որոշ շրջանակներում եւ կնպաստեր գործի լիարժեք քննությանն ու բացահայտմանը:

«Ես դա չէի կոչի «Ռոբերտ Քոչարյանի գործ». Մարտի 1-ի գործի բացահայտման մասին է խոսքը, բայց Մարտի 1-ի գործ ասելիս հասկանում ենք, որ առաջնահերթությունը պետք է տրվեր 10 զոհված մարդկանց սպանությունների բացահայտմանը: Հիմա հարց է առաջանում. այսօրվա գործընթացները, քննությունը արդյոք նպաստո՞ւմ են այդ 10 զոհերի սպանության բացահայտմանը: Կարծում եմ՝ ոչ»։

Տպագիր մամուլի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Արթուր Վանեցյանն անդրադարձել է նաեւ վարչապետից հրապարակայնորեն ստացած այն հանձնարարականներին, որոնք կատարման ենթակա չեն եղել:

«Օրինակ՝ կառավարության նիստին վարչապետն ասում է՝ հանձնարարում եմ ԱԱԾ-ին ստուգել գազալցակայանների ՀԴՄ կտրոնները: Հանձնարարում եմ ԱԱԾ-ին տեղորոշել սեւազգեստ մարդկանց, որոնք զինված շրջում են քաղաքում. ի՞նչ սեւազգեստ մարդիկ, ի՞նչ զինված մարդիկ: Վերջին զարգացումները ցույց տվեցին, որ չկան զինված մարդիկ, կան հորինված կերպարներ, որոնք իբր ահաբեկում են ժողովրդին, իբր ժողովրդական պահանջ է, եւ իբր նրանք հասարակությանը վտանգ են ներկայացնում: Վերջին իրադարձությունները նայելով եւ վերլուծելով՝ ես ուղղակի ափսոսում եմ, որ նման ցածր մակարդակի է իջեցվում ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Անլրջացնում են: Մարդիկ արդեն ծիծաղում են:

Կամ Փաշինյանի վերջին հանձնարարությունը ԱԱԾ-ին պարզել որոշ շրջանակների եւ սատանայի համագործակցության ձեւերը եւ ուղիները»

 

*

*