Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ ԱԺ արտահերթ նիստում

«Երբ որեւէ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է այդ պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանություն, բռնատիրություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում, որում քննարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, հանդես է եկել ելույթով:

Վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ազգային ժողովի մեծարգո′ նախագահ, մեծարգո′ փոխնախագահներ,

Ազգային ժողովի հարգելի′ պատգամավորներ,

Սիրելի′ ժողովուրդ՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ.

Հայաստանի Հանրապետության գործող Սահմանադրությամբ նախատեսված է Սահմանադրական դատարանի մի մոդել, որը միջազգային փորձագետների կողմից լայնորեն գնահատվել է որպես հավասարակշռված:

Այդ մոդելի էությունը հետեւյալն է. Սահմանադրական դատարանի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է Ազգային ժողովը եւ Սահմանադրական դատարանը դառնում է իշխանության երեք թեւերի միջեւ բալանսավորման վերին ատյան:

Ընդ որում, նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարեւորագույն նրբություն: Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չի կարող լինել որեւէ կուսակցության անդամ մպաշտոնավարության ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել նաեւ դատավորները եւ եթե հաշվի առնենք, որ Ազգային ժողովի նախագահն էլ զրկվել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից կամ չունի այդպիսի լիազորություն, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանի կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող սահմանադրությամբ հնարավորինս մեղմված են:

Մեղմված են նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետեւ գործող Սահմանադրությամբ, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահը ընտրվում է ոչ թե ցմահ, այլ վեց տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի դա, ի տարբերություն նախկինի, Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների եւ ոչ թե Ազգային ժողովի կողմից:

Բացի այդ, վերացված է նաեւ այն աննորմալ պրակտիկան, երբ նույն մարդն ասենք 35 տարի կարող է լինել Սահմանադրական դատարանի անդամ: Սա իսկապես աննորմալ պրակտիկա է, որովհետեւ, երբ որեւէ նախագահ կամ վարչապետ 30-35 տարի մնում է այդ պաշտոնում, մենք դա համարում ենք մենիշխանություն, բռնատիրություն, բայց բնական ենք համարում, երբ նույն մարդը 35 տարի լինի Սահմանադրական դատարանի անդամ կամ Սահմանադրական դատարանի նախագահ:

Նոր սահմանադրությամբ ահա, Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարի: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ:

Ահա այսպիսի Սահմանադրական դատարան է նկարագրված մեր հենց այս պահին գործող Սահմանադրության մեջ: Եւ այս մոդելը՝ նաեւ միջազգային փորձագետների քաջալերմամբ եւ աջակցությամբ, ներդրվել է Երրորդ հանրապետության պատմության մեջ արձանագրված սահմանադրական պրոբլեմների հաշվառման եւ վերլուծության արդյունքում, որովհետեւ դե ֆակտո եւ դե յուրե Սահմանադրական դատարանը Երրորդ Հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:

1996, 1998, 2003, 2008, 2013 թվականների նախագահական ընտրություններում Սահմանադրական դատարանը դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձեւավորելու իր իրավունքը: Որովհետեւ Սահմանադրական դատարանը ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձեւավորել, որովհետեւ դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը»:

Ելույթն ամբողջությամբ՝ այստեղ։

 

*

*