«ՀՀ նախագահը ժողովրդին հակառակ որևէ քայլ չի անի». վարչապետ

Արդյոք Արմեն Սարգսյանը կստորագրի ԱԺ արտահերթ նիստում ընդունված` «ԱԺ կանոնակարգ» օրենքում արված աղմկահարույց լրացումը
nikol-pashinyan (1)

Այսօր Արմեն Աշոտյանն ակնարկում էր, որ մենք այդքան էլ ճիշտ չենք հասկացել իրար, այս դեպքում հարց է ծագում` երբ մենք խոսում ենք ու իրար ճիշտ չենք հասկանում, ի՞նչ իմաստ ունի այդ խոսակցությունը. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառանալով հարցին` հնարավո՞ր է շարունակվեն բանակցություններն ԱԺ ուժերի հետ: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

«Քանի դեռ չկան հստակ ազդակներ, որ մեր գործընկերները և մենք իրար ճիշտ ենք հասկանում, որ մեր գործընկերներն իրավիճակը ճիշտ են հասկանում, ես կարծում եմ, որ այդ երկխոսության ռացիոնալության վերաբերյալ հարցեր կարող են առաջանալ»,- ընդգծեց նա:

Փաշինյանը նշեց, որ իրենք իրենց պլանով գնալու են առաջ: «Ակնհայտ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը համաժողովրդական է, և ես դժվար եմ պատկերացնում այն մարդուն և մարդկանց, ովքեր պատրաստվում են դիմադրել դրան»,- շեշտեց նա:

Դիտարկմանն էլ` քաղաքական ուժերն ասում են, թե իրենց օրակարգում չկա դեկտեմբերին խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարց, վարչապետը նշեց, որ եթե չկա,  այդ ուժերը կարող են չմասնակցել ընտրություններին:

Հարցին` բացառո՞ւմ է ԲՀԿ և ՀՅԴ կուսակցությունների հետ համագործակցությունը, քանի որ երեկ հայտարարել է, որ նրանք հակահեղափոխականներ են, Փաշինյանը պատասխանեց. «ՀՅԴ-ն բազմաշերտ կուսակցություն է և չի կարելի մի շերտի գործողություններով դատել բոլոր շերտերին»:

Իսկ ինչ վերաբերում է նրան` արդյո՞ք ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կստորագրի երեկ ԱԺ արտահերթ նիստում ընդունված` «ԱԺ կանոնակարգ» օրենքում արված աղմկահարույց լրացումը, վարչապետը նշեց, որ իր կարծիքով՝ նախագահը ժողովրդին հակառակ որևէ քայլ չի անի:

*

*